ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euractiv կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի շեղվի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու մտադրությունից։
Այն հարցին, թե կարելի է արդյոք համատեղ զարգացնել ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, Փաշինյանը պատասխանել է․ «Մենք դրանում վստահ ենք, եւ իմ այցը Բրյուսել դրա վկայությունն է»։
«Առաջին իսկ օրից մենք հայտարարել ենք, որ մեր ժողովրդավարությունը արտաքին քաղաքական որեւէ հարթություն չունի։ Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ հուսալի գործընկերոջ համբավ ունի։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում մեր ժողովրդի օրինական պահանջները, որ ձեւակերպվել են անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Ժողովրդավարությունը, ազատ տնտեսական հարաբերությունները, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարը, անկախ դատարանները եւ օրենքի գերակայությունը որեւէ կողմնորոշում չունեն։ Մենք հետեւողականորեն կաշխատենք այդ արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, մենք չենք շեղվի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու մեր մտադրությունից, որը հիմնված է ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքի եւ մեր ժողովուրդների փոխադարձ շահերի վրա»,- ասել է վարչապետը։





























