Հայաստան–Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին շատ ավելի ակտիվ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղել է։

«Մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են, հասկանալի է, որ եվրոպական երկրները, որոնք դեռ չեն վավերացրել համաձայնագիրը, ընտրությունները թողած չեն մտածելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին»,–ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ մեր արտաքին գերատեսչությունը մի քիչ ավելի ակտիվ պետք է աշխատեր, մի քիչ ավելի նախաձեռնողական պետք է լիներ։ «Հիմա, երբ կարծում եմ՝ էլ չենք կարող ասել, որ դեսպան է աշխատում X ծագմամբ բիզնեսմենը, քանի որ տեսնում ենք, որ դեսպաններ են նշանակվում կադրային դիվանագետները, հույս ունեմ նրանց  չեն շարունակի նախկինների ավանդույթը, երբ դեսպանները զբաղվում էին ոչ թե ՀՀ շահը ներկայացնելով ու պաշտպանելով, այլ սեփական բիզնես շահը պաշտպանելով»,–եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այս պահին համաձայնագիրը վավերացրել է եվրոպական 10 երկիր։