Բելառուսը շարունակում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով աշխատանքը: Պետության ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո լրագրողներին այս մասին ասել է փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Մենք այդ թեման քննարկել ենք եւ կան մի շարք կոնկրետ կարգադրություններ, որոնք տրվել են խորհրդակցության ժամանակ: Այդ աշխատանքը տարվել է եւ չի դադարել: Հետագայում մենք կշարունակենք այդ հարցի ուղղությամբ աշխատանքը, որպեսզի, վերջապես, մեր ռազմաքաղաքական կազմակերպությունը լեգիտիմ նշանակված գլխավոր քարտուղար ունենա», - ասել է Պետրիշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավիճակն անառողջ էր անվանել եւ ընդգծել, որ այն պետք է որքան հնարավոր է շուտ լուծվի: Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնք գտնվում են կազմակերպության օրակարգում:
Ինչպես հաղորդվել էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել էր Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Բելառուսի թեկնածությունը արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Այս հարցով փոխգործակցության դժվարությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ, որն ավելի վաղ այդ պաշտոնից վաղաժամ հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, սակայն կրկին պնդում է իր թեկնածուի նշանակման մասին:




























