Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել երկրի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման գաղափարից այնքան ժամանակ, քանի դեռ երկրները վերջնական պայմանավորվածության չեն հասնի առեւտրային հարցերում, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ինչպես տեղեկացնում է թերթը, չինական իշխանությունները հրաժարվում են պարտավորվել հանդիպել, քանի դեռ կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մինչեւ անցած շաբաթ կողմերը մոտ էին համաձայնագրի «սեւագիր տարբերակի» համաձայնեցմանը, բայց հետագայում այդ գործընթացի վրա ազդեց Դոնալդ Թրամփի անհաջող հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ։

«Չինաստանի ղեկավարությունը ցնցված էր այն բանից, որ Վիետնամում Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անհաջող էր»,- նշում է թերթը։

Պեկինը մտահոգ է, որ հնարավոր բանակցությունների ժամանակ Սի Ցզինպինի վրա «կարող են ճնշում գործադրել՝ կանգնեցնելով վերջնագրային ընտրության առջեւ», այն դեպքում, երբ Չինաստանում ցանկանում են, որ գագաթաժողովը լինի առեւտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։

Չինաստանում ԱՄՆ դեսպան Թերի Բրանսթեդի խոսքով՝ ցայժմ չկա պայմանավորվածություն այն մեխանիզմի շուրջ, որը կվերահսկի ամփոփիչ համաձայնագրի կատարումը։