Հնդկաստանի վիճելի Ջամու եւ Քաշմիր նահանգում Բարամուլայի շրջանում պակիստանյան զորքերի հետակոծության հետեւանքով վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ, հայտնում է Kashmir պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ կիրակի պակիստանյան զորքերը խախտել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սահմանազատման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը: Գնդակոծության ժամանակ տուժել է 4 մարդ, այդ թվում՝ կին: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Վերջին շաբաթներին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը զգալիորեն մեծացել է: Դրա պատճառը փետրվարի 14-ին Ջամու եւ Քաշմիր նահանգում ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մոտ մահապարտի ինքնապայթեցումն էր, որ խլել էր 40 մարդու կյանք:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ-ե-Մուհամմադ» խմբավորումը, որի ղեկավար Մասուդ Ազհարը, Նյու Դելիի տեղեկություններով, Պակիստանում է: Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այս մեղադրանքները հերքում է որպես «չապացուցված»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ քննություն անցկացնել: Միջադեպը բարդացսրել է Նյու Դելիի եւ Իսլամաբադի առանց այն էլ լարված հարաբերությունները՝ տարածաշրջանը նորից կանգնեցնելով ռազմական կոնֆլիկտի սահմանագծին:




























