Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը շարունակվում է բնական տեմպերով: Մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱԳՆ-ի Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը:

Նրա խոսքով՝ երկու կողմերի միջեւ համագործակցությունը շարունակվում  է տարբեր մակարդակներում եւ տարբեր ուղղություններով:

«Օրինակ՝ մենք համագործակցում ենք ռազմական  եւ պաշտպանական ոլորտում բարեփոխումների հարցով: Մենք համագործակցում ենք նաեւ «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի շրջանակում եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ տարբեր ծրագրեր ենք իրականացնում», -պարզաբանեց Եդիգարյանը՝ հավելելով, որ կողմերը համագործակցում են ԱԻՆ-ի շրջանակում, հատկապես հասարակության իրազեկման հարցում:

Էդիգարյանը նաեւ նշեց, որ պաշտպանության օրակարգի վերանայման հարցում ջանքերըն ուղղված են ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Հայաստանի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների համագործակցության ընդլայնմանը:

Նա նաեւ ներկայացրեց ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում Հայաստանում կայանալիք մի շարք միջոցառումները: Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ղեկավարը  նշեց, որ  Հայաստանի ֆրանսիական համալսարանում կանցկացվի բաց հասարակական քննարկում «Ֆրանսիայի դիրքորոշումը եւ  տեսլականը ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցով» թեմայով: