Կիրակի երեկոյան հյուսիսարեւմտյան հնդկական Ռաջաստհան նահանգում կործանվել է Պակիսատնի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքը:

NDTV հեռուստաալիքը հաղորդում է, որ սա արդեն չորրորդ պակիստանյան անօդաչուն է, որը փետրվարի 26-ից խփվել է Հնդկաստանի տարածքում, երբ Հնդկաստանի ՌՕՈՒ-ն հարված էր հասցրել Պակիստանի Բալակոտ քաղաքի մերձակայքում գտնվող զինյալների ճամբարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տեղեկատվության՝ սարքը կործանվել է Գանգանագար շրջանում: Սարքի բեկորներն ընկել են բնակելի տան տանիքին:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որո որոշ մասեր (անօդաչուի) ընկել են տանիքի վրա:  Դեռ ոչ մի տուժածի մասին չի հաղորդվում», - հեռուստաալիքը մեջբերում է տեղական ոստիկանության սպայի խոսքը:

Վերջին շրջանում առաջին պակիստանյան անօդաչու թռչող սարքը ոչնչացրել էին փետրվարի 26-ին Գուջարատ նահանգում, երկրորդը եւ երրորդը՝ մարտի 4-ին եւ մարտի 9-ին Ռաջաստհանում, ինչպես եւ չորրորդը:

Ներկայումս  Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ լարվածությունը պահպանվում  է փետրվարի 14-ին Ջամմու եւ Քաշմիր նահանգում հնդիկ զինվորականների շարասյան վրա ահաբեկչական հարձակման հետեւանքով: Ահաբեկչության համար պատասխանատվություն  է ստանձել Ջաիշ-ե-Մուհամմադ խմբավորումը:

Նյու Դելիում Իսլամաբադին մեղադրել էին այդ խմբավորման զինյալներին աջակցելու մեջ, Պակիստանի իշխանություններին՝ ահաբեկիչների նկատմամբ անգործության մեջ:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի ՌՕՈՒ-ն հարված էր հասցրել Պակիստանի տարածքում գտնվող  այդ խմբավորման ճամբարի ուղղությամբ: Փետրվարի 27-ին Պակիստանը հայտարարել էր, որ երկրի ՌՕՈՒ-ն ի պատասխան հնդկական կողմին գործողություններին, հարվածներ էր հասցրել Ջամու եւ Քաշմիր նահանգի ռազմական օբյեկտներին: Օդային մարտի հետեւանքով, որը երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմից՝ 1971-ից հետո, դարձել է երկու երկրների ՌՕՈՒ-երի միջեւ առաջին զանգվածային բախումը, Նյու Դելին եւ Իսլամաբադը հանդես էին եկել հայտարարություններով, որ միմյանց ինքնաթիռներն են կործանել: