Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։Այս մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։
Սույնով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարց ու պատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու մինչև 3 րոպե տևողությամբ։
Գործող կանոնակարգով հարց ու պատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումը ավագանու անդամներն իրականացնում են՝ շեղվելով քննարկվող օրակարգից։
Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ։





























