Երեւանում այսօրվա հանդիպումները հաստատեցին իմ հավատն առ այն, որ Հայաստանը կշարունակի իր կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին մարտի 11-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Նա նշել է խաղաղապահ առաքելություններում հայ զինծառայողների մասնակցության կարեւորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս մեծացնում է ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու մեջ իր ներդրումը։ Նրա խոսքերով, այսօր Հայաստանի նախագահի եւ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ինքը նաեւ քննարկել է օրենսդիր մարմնի կարեւորագույն առաջնահերթություններից մեկը հանդիսացող կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հետ համագործակցության հարցը։