Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է համարում երկրի էլեկտրացանցերի վրա հարձակման գլխավոր պատասխանատու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Վենեսուելայի էլեկտրական համակարգի վրա կիբեռնետիկ հարձակման գլխավոր պատասխանատուն Դոնալդ Թրամփն է: Նա ասել է, որ բոլոր տարբերակները հնարավոր են, եւ դա Վենեսուելայում կրկնում են նրա խամաճիկներն ու ծաղրածուները, Դոնալդ Թրամփի շուրջ այս կամարիլյայի բոլոր ներկայացուցիչները: Եվ այդ հնարավորություններից մեկը էլեկտրական պատերազմն ու հարվածն են, կիբեռնետիկ հարձակումը: Վենեսուելայի դեմ իրականացվել է կիբեռնետիկ բարձրտեխնոլոգիական հարձակում, իսկ նման տեխնոլոգիաներ ունի միայն ԱՄՆ կառավարությունը»,- հայտարարել է Մադուրոն ազգին հղած ուղերձում, որը հեռարձակել է Periscope-ը:

Նրա խոսքով՝ հայտնաբերվել է նման հարձակման փաստ: «Մենք դա հայտնաբերել ենք, հիմա եմ ձեզ ասում, մենք այն տեղայնացրել ենք, եւ հիմա աշխատում ենք իրադրությունը նախկին մակարդակին բերելու ուղղությամբ»,- հավաստիացրել է երկրի նախագահը:

Վենեսուելայում էներգետիկ կոլապսը տեղի է ունեցել մարտի 7-ին երկրի խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում վթարի պատճառով: Էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան (Corpoelec) պատահարը դիվերսիա է անվանել եւ Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի դրվագ: