ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի մասնակցությունը խաղաղարար առաքելություններին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում ընթացող կոնֆերանսում։
Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
ՆԱՏՕ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս տարի լրանում է դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25 տարին։
Հայաստանի հետ երկխոսությունը զարգանում է, եւ այն պետք է խորանա, փաստել է Ապատուրայը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են մոտ հիսուն կրթական միջոցառումների։ «Միասին աշխատում ենք կոռուպցիայի դեմ պայքարում։ Գիտենք, որ դա Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է»,- փաստել է ՆԱՏՕ ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը մասնակցում է «Ինտեգրման զարգացում» ծրագրին, որը նպաստում է պաշտպանական ոլորտի լավ կառավարմանը։ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Ջեյմս Ապատուրայը նշել է սերժանտների համար կրթական ծրագրի իրականացման մտադրության մասին, որը կհամապատասխանի եվրոպական չափորոշիչներին։
Ջեյմս Ապատուրայը հատկապես ընդգծել է Հայաստանի մասնակցությունը խաղաղարար գործընթացներին եւ մասնավորապես՝ կանանց մասնակցությունն առաքելությանը։ «Կոսովոյում Հայաստանի առաքելությունում մասնակցում է չորս կին։ Դա հիանալի թիվ է»,- նշել է ՆԱՏՕ ներկայացուցիչը։


























