Ճապոնիայի կայսր Ակիխիտոն երեքշաբթի արարողակարգերի շարք է սկսել, որոնք կապված են գահից նրա առաջիկա հրաժարման հետ: Դրանց մեծ մասն իրենցից ներկայացնում են այդ իրադարձության մասին աստվածային նախնիներին ուղղված խորհրդանշական զեկույցներ, հաղորդում է NHK-ն:
Երեքշաբթի, մասնավորապես Ակիխիտոն այդ նպատակով իր պալատական համալիրի տարածքում այցելել է սրբավայր, որը նվիրված է արեւի աստվածուհի Ամատերասուին՝ ճապոնական միապետերի դինաստիայի նախամորը:
Կայսրը կրել է հին հանդերձանք եւ բարձր գլխարկ՝ վաղ միջնադարի նորաձեւությանը համապատասխան: Սրբավայր հասնելու ճանապարհին նրան ուղեկցել են պալատականները՝ նրանցի մեկը պահել է սուր՝ որպես կայսերական հզորության խորհրդանիշ:
Այնուհետ տաճարում աղոթքներ է ասել նաեւ Ակիխիտոյի ավագ որդին՝ թագաժառանգ Նարուխիտոն, որը կփոխարինի հորը:
Ընդհանուր առմամբ Ակիխիտոն նման 11 արարողակարգ կկատարի, այդ թվում հին ճապոնական Նարա եւ Կիոտո մայրաքաղաքներում: Այնտեղ, նա մասնավորապես առաջիկա հրաժարման մասին կհայտնի դինաստիայի առասպելական հիմնադրին՝ Դզիմ կայսերը, որն ըստ առասպելի Ամատերասու աստվածուհու ժառանգն է եւ ապրել է մ.թ.ա. 711-585 թվականներին:
Ակիխիտոն սեփական ցանկության համաձայն՝ գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Ճապոնիայի օրենսդրությունը միապետից պահանջում է ցմահ իշխանություն: Սակայն 85-ամյա Ակիխիտոյի համար խորհրդարանը բացառություն է արել՝ այդ կապակցությամբ հատուկ օրենք ընդունելով: Մայիսի 1-ին նոր կայսր կդառնա նրա 59-ամյա որդին՝ Նարուխիտոն: Այդ առիթով արարողությունները կշարունակվեն մինչեւ աշուն:


























