Երևան Մոլն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ միասին մեկնարկել է «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիան:

Մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ առեւտրի կենտրոնի գլխավոր ատրիումում կգործի հայ կին դիզայներների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի 50 տոկոսը կփոխանցվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոն՝ անապահով կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու նպատակով կանխարգելիչ հետազոտություններ անցկացնելու համար։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն էլ իր հերթին 50 տոկոս զեղչ է տրամադրելու բոլոր այն կանանց, որոնք կհերթագրվեն նախագծի շրջանակում հետազոտություն անցնելու համար:

«Ինչպես գիտեք, ամեն տարի Երեւան Մոլը տարատեսակ միջոցառումներ է անցկացնում Կանանց միամսյակի առթիվ, սակայն այս անգամ որոշեցինք մեր ռեսուրսներն ուղղել ավելի կարեւոր ու գեղեցիկ նպատակի: Մեկամսյա նախագծի շրջանակում սոցիալապես անապահով կանայք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ ստուգումներ կանցնեն», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը:

Կանխարգելիչ հետազոտությունները կյանքեր են փրկում, ուստի այս ակցիայի կարեւորությունն անհնար է թերագնահատել, պնդում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժումն ավելի հաջող է լինում, եթե ժամանակին՝ ամենավաղ փուլերում, այն հայտնաբերվում է. դեպքերի մեծ մասի դեպքում ոչ մեծ վիրահատությունն էլ է բավարար, որի ժամանակ ուռուցքը հեռացվում է, իսկ կինը վերադառնում է իր առօրյա կյանքին: Եթե հիվանդությունն իսկապես վաղ է հայտնաբերվել, քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի անհրաժեշտություն նույնիսկ չի առաջանում, իսկ վիրահատությունից հետո կրծքի արտաքին տեսքը չի տուժում՝ մնում է միայն փոքր սպի, որը ժամանակի ընթացքում փաստացի աննկատելի է դառնում:

Ամենավաղ փուլերում քաղցկեղը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հատկապես կանխարգելիչ հետազոտություններ անցնել, նույնիսկ եթե ոչ մի ախտանշան եւ անհանգստանալու պատճառ չկա:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց կենտրոնը հաճախ է ամենատարբեր ակցիաներ անցկացնում եւ զեղչեր հայտարարում, որպեսզի թեթեւացնի անապահով կանանց ֆինանսական բեռը: Ընթացիկ ակցիայի շրջանակում կանայք կկարողանան անցնել մամոգրաֆիա, ինչպես նաեւ կրծքագեղձի եւ վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիական հետազոտություն:

«Մեր նպատակը առողջ հասարակությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր կանայք առողջ լինեն. կինը որքան առողջ է, այնքան առողջ է ընտանիքը եւ հասարակությունը», - նշեց Խաչանուշ Հակոբյանը:

Ակցիային մասնակցում է ավելի քան 15 հայ դիզայներ, որոնք պատրաստակամությամբ տրամադրել են հեղինակային աքսեսուարներ, հագուստ և զարդեր: