S7 Airlines ավիաընկերությունը մարտի 13-ից կդադարեցնի Boeing-737 Max-ով չվերթները՝ մինչեւ Եթովպիայում վթարի պատճառների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ավիաընկերության մասնագետները անընդհատ երկխոսության մեջ են Boeing-ի հետ եւ ուշադիր հետեւում են հետաքննությանը»,- ասվում է S7-ի հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունը հայտնել է, որ որոշումը չի ազդի իր չվերթների պարբերականության վրա, թռիչքները չվացուցակով կկատարվեն։
S7 Airlines-ը 96 օդանավ ունի, դրանցից երկուսը Boeing-737 Max են։
Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթ իրականացնող Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 MAX 8 ինքնաթիռը մարտի 10-ին վթարի է ենթարկվել, որի հետեւանքով 157 մարդ է զոհվել։
Սա Boeing-737 MAX 8-ի հետ կապված երկրորդ աղետն է վերջին կես տարում։ 2018թ․ հոկտեմբերի վերջին ինդոնեզական Lion Air ավիաընկերության նույն տեսակի ինքնաթիռը Ջակարտայից թռիչքից հետո շուտով ընկել էր ծովը, որի հետեւանքով 189 մարդ էր զոհվել։




























