Վաշինգտոնի դաշնային դատարանը չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին Ուկրաինայում նրա լոբբիստական գործունեության հետ կապված դավադրության երկու մեղադրանքներով դատապարտել է 73 ամսվա ազատազրկման։ Ավելի վաղ Մանաֆորթը երկու մեղադրանքներով էլ ընդունել էր իր մեղքը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Դատավոր Էմի Բերման Ջեքսոնը վճռել է, որ այդ ժամկետից 30 ամիսը Մանաֆորթը պատիժը կկրի նախկին դատավճռի իրականացման հետ միաժամանակ․ նախորդ շաբաթ Վիրջինիայի դատարանը նրան 47 ամսվա ազատազրկման էր դատապարտել հարկային եւ բանկային ոլորտներում խարդախությունների համար։
Դատական լսումների ժամանակ Մանաֆորթը իր գործողությունների համար ներողություն է խնդրել եւ նաեւ դատարանին խնդրել է ներողամտություն ցուցաբերել իր հանդեպ։
Անցյալ տարվա հունիսին Ջեքսոնը Մանաֆորթի հանդեպ տնային կալանքը փոխարինել էր ազատազրկմամբ՝ վկաների վրա ճնշում գործադրելու համար։
Մանաֆորթի գործով դատական գործընթացը տեղի է ունենում 2016թ․ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության շրջանակներում (գործը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը), սակայն մեղադրանքները ներկայացվել են նրա այլ գործունեության հետ կապված հանցանքների համար։





























