Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակներով ներողություն է խնդրել եվրոպացի քաղաքական գործիչներից, որոնք կոչ են անում հանել նրա «Ֆիդես» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությունից։ Սակայն նրանցից մեկը համենայնդեպս ասել է, որ դա բավական չէ, տեղեկացնում է Reuters-ը։

Տասներեք պահպանողական կուսակցություն պահանջել է, որպեսզի «Ֆիդես» կուսակցությունը հանվի Եվրոպական ժողովրդական կուսակցությունից հակաիմիգրացիոն եւ հակաեվրոպական քարոզչության համար, որը թիրախ է դարձրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ ԵԺԿ անդամներից մեկին, եւ ամերիկյան մարդասեր Ջորջ Սորոսին։

ԵԺԿ-ն, որը բաղկացած է Եվրոպայի հիմնական աջակենտրոն կուսակցություններից, Եվրախորհրդարանում ամենամեծ խումբն է, որը, ինչպես սպասվում է, կպահպանի այդ կարգավիճակը մայիսին եվրոպական ընտրություններում։

Օրբանը խնդրել էր ֆլամանդական քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Վոութեր Բեքեից վերանայել իր կոչը «Ֆիդեսը» հանելու վերաբերյալ։ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ նման նամակներ են ուղարկվել 12 այլ կուսակցությունների առաջնորդներին, որոնք նման կոչեր են արել։

«Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ միգրացիայի հարցի, քրիստոնեական մշակույթի պաշտպանության եւ Եվրոպայի ապագայի վերաբերյալ»,- գրում է Օրբանը։ «Գաղտնիք չէ նաեւ, որ մենք չենք ցանկանում փոխել մեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ»։ «Բայց ես խելամիտ չեմ համարում նման տարաձայնությունները հանգուցալուծել կուսակցությունը մեր քաղաքական ընտանիքից հեռացնելու միջոցով։ Ուստի, ես հարգանքով կցանկանայի խնդրել ձեզ վերանայել ձեր առաջարկությունը, եթե դա հնարավոր է»։

Օրբանը ներողություն է խնդրել, որ քննադատներին անվանել է «օգտակար ապուշներ»։ Նրա խոսքով՝ այդ նախադասությունը նա փոխ է առել Լենինից եւ ցանկացել է օգտագործել քաղաքականությունը, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների նշելու համար։

Վոութեր Բեքեն ասել է, որ ներողությունը բավական չէ։ «Խոսքը եվրոպական արժեքները հարգելու եւ ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության գործում համագործակցությունը բարելավելու մասին էր։ Ես այստեղ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ «Ֆիդեսը» տեղ չունի ԵԺԿ-ում»։