Սաուդյան Արաբիան կրկին մերժել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու կոչերը՝ պնդելով, որ ինքը լիարժեք կարող է մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ հայտնում է AFP-ը։
Սաուդյան Արաբիայի պատվիրակության ղեկավար Բանդար Ալ Այբանը, հանդես գալով Մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի առջեւ Ժնեւում, պնդել է, որ իր երկիրը «այդ հրեշավոր հանցագործության բացահայտման համար կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները»։
Ալ Այբանը, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների հանձնաժողովը, ընդգծել է, թե հետաքննությունը «ինտերնացիոնալացնելու» ցանկացած կոչ «հավասարազոր է երկրի ներքին գործերին միջամտելուն»։
Նա ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ 36 երկրներ հրապարակել էին համատեղ հայտարարություն՝ պահանջելով լրագրողի սպանության հետ կապված արդարադատություն։
Այբանը պնդել է, որ իր երկիրը «սարսափահար էր նրանից, ինչ տեղի էր ունեցել այդ դժբախտ պատահարի հետեւանքով»։ Նրա խոսքերով, այդ գործով կասկածյալները «արդար դատաքննության իրավունք ունեին, նրանց իրավունքները չեն խախտվել, եւ նրանք կտտանքների որեւէ ձեւի կամ անմարդկային վերաբերմունքի չեն ենթարկվել»։ Նա նաեւ հավելել է, որ եղել են երեք լսումներ՝ մեղադրյալների եւ նրանց փաստաբանների ներկայությամբ։
Նա նաեւ ասել է, որ «միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլ շահագրգիռ կողմեր կարողացել են վերահսկել եւ տեսնել, թե ինչպես են ընթանում դատական նիստերը», սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ կազմակերպություններն են մասնակցել հետաքննությանը։Միաժամանակ, նա նշել է, որ Սաուդյան Արաբիան չի կարող թույլ տալ միջազգային փորձագետներին մասնակցել հետաքննությանը եւ հետեւել գործընթացին։ «Սաուդյան Արաբիան ինքնիշխան երկիր է․․․ Այդպիսի պահանջները, որոնք ներկայացվում են մեզ, հավասարազոր են նրան, որ միջազգային հանրությունը կասկածի տակ է դնում մեր դատական վարչակազմի ամբողջականությունը եւ դատական համակարգի անկախությունը»,- ասել է նա։





























