ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ քվեարկել է երկրի նախագահի հայտարարած արտակարգ դրության չեղարկման օգտին, իսկ Թրամփն առաջին անգամ օգտվել է վետոյի իրավունքից: Կոնգրեսին արդեն չի հաջողվի այն հաղթահարել, քանի որ դրա համար անհհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների ձայների 2/3-ը, փոխանցում է BBC-ն: 

Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձեւին բացի Թրամփին ընդդիմադիր դեմոկրատներից, աջակցել են 12 հանրապետական սենատորներ:

«Դեռեւս երբեք այնպես չէր եղել, որ նախագահը ֆինանսավորում խնդրեր, իսկ Կոնգրեսը նրան մերժեր, իսկ նախագահն օգտվեց 1976 թվականի արտակարգ դրության մասին օրենքից, որ ամեն դեպքում փող ծախսի»,- նշել է սենատոր Լամար Ալեքսանդերը, որը ԱԴ ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել:

Նրա հետ համաձայնվել է հանրապետական սենատոր Ջերի Մորանը՝ ասելով, որ այս հանգամանքներում արտակարգ լիազորությունների օգտագործումը սահմանադրությունը խախտում է. «Սա մեր երկիրը դնում է գործադիր մարմինների ձեռքում իշխանության կենտրոնացման ճանապարհին: Այդ մտավախությունն ունեին սահմանադրության հեղինակները»:

Մինչեւ քվեարկությունը Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ եթե հանրապետականները քվեարկեն ԱԴ ռեժիմի չեղարկման օգտին, կաջակցեն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ինչպես նաեւ «բաց սահմաններով հանցավորությանն ու դեմոկրատներին»: Փելոսին պատի կատաղի հակառակորդներից է եւ խոստացել է դրա համար Թրամփին ոչ մի ցենտ չտալ:

Բանաձեւին աջակցած հանրապետականները իրենց որոշումը պատճառաբանել են մտավախություններով, որ ապագայում նախագահները կարող են զավթել Կոնգրեսի լիազորությունները եւ իրենց համար անհրաժեշտ ծրագրերի ֆինանսավորման համար օգտագործեն ԱԴ մտցնելու մարտավարությունը:

Արդյունքում ԱԴ չեղարկման բանաձեւին կողմ է քվեարկել 59 սենատոր, դեմ 41:

Քվեարկության ավարտից մի քանի րոպե հետո Թրամփը «Թվիթերում» գրել է. «ՎԵՏՈ»: