Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը կայունացել է, տեղեկացրել են ՌԻԱ «Նովոստիի»-ն ղրղզական սահմանապահ ծառայությունում։
Չորեքշաբթի՝ մարտի 13-ին, տեղի էր ունեցել կոնֆլիկտ Ղրղզստանի Աքսայ եւ Տաջիկստանի Մեհնաթաբադ գյուղերի բնակիչների միջեւ։ Կոնֆլիկտի պատճառը Աքսայ-Թամդըկ շրջանցող ճանապարհի շինարարությունն էր։ Տաջիկները փակել էին ղրղզական տեխնիկայի ճանապարհը, աշխատողներին օգնության էին եկել ղրղզական գյուղերի բնակիչները։ Դրա հետեւանքով սկսվեց բախում, որին մասնակցեցին երկու երկրների գյուղերի մոտ 200 քաղաքացիներ։ Մի ղրղզստանցի վիրավորվել եւ հիվանդանոցում էր հայտնվել։ Հաջորդ օրը բախումները վերսկսվեցին, տուժեց եւս երկու ղրղըզ։ Տաջիկական կողմի տվյալներով՝ Տաջիկստանի քաղաքացիների մեջ կան երկու զոհ եւ մոտ մեկ տասնյակ վիրավոր։
«Իրավիճակը ղրղզա-տաջիկական պետական սահմանին ընդհանուր առմամբ կայուն է, հանգստյան օրերին միջադեպեր եւ քաղաքացիների կուտակումներ սահմանային շրջաններում չեն գրանցվել»,- ասել են գերատեսչությունում։
Սահմանապահ ծառայության տվյալներով՝ «երկուշաբթի սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի Ղրղզստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների միջեւ»։ Բաթկենի շրջանում ՝ գտնվում Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը՝ սահմանապահ ծառայության, ՆԳՆ եւ մարզային աշխատակազմերի ղեկավարների հետ։
«Սահմանապահներն իրավապահ եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին բացատրական աշխատանք են վարում սահմանային շրջանների բնակիչների հետ»,- ճշգրտել են գերատեսչությունում։
Ղրղզստանի սահմանապահ ստորաբաժանումները պետական սահմանի այս հատվածում ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով։




























