ԵԱՀԿ-ն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային՝ մի քանի լրագրողների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար եւ կոչ է արել այդ երկրի կառավարությանն՝ անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն հորդորել է Թուրքական կառավարությանը դադարեցնել հետապնդումները ու սպառնալիքները լրագրողների նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մարտի 3-ին Անկարայում ոստիկանական շրջայցի ժամանակ, տասից ավելի մարդ է ձերբակալվել կառավարության դեմ 2003-ին կազմակերպված դավադրության՝ «էրգեկոնի» գործով, բերման ենթարկվածների մեծ մասը լրագրողներ են։
Ձերբակալվել է նաեւ թուրքական Milliyet թերթի խմբագիր, հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին պատմող գրքի հեղինակ Նեդիմ Շեները։
Նադիմ Շեներին խուզարկությունից հետո ձերբակալել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք։ Ոստիկանական մեքենա նստելու ժամանակ լրագրողները Շեներից հետաքրքրվել են, թե նա կալանավորվա՞ծ է, թե՝ ոչ, ինչին նա պատասխանել է. «Այո ինձ դատապարտում են ճշմարտության եւ Հրանտի համար» ասել է լրագրողը։ Հավաքվածները ծափահարել են նրան։
Հիշեցնենք, որ Նեդիմ Շեների հեղինակած գիրքը՝ «Դինքի սպանությունն ու հետաքննության սուտը», Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Ոստիկանությունը դատի է տվել գրքի հեղինակին, սակայն հետագայում լրագրողն ազատ է արձակվել:





























