Ավստրալիայի կառավարությունը մտադիր է որակավորված միգրանտների  ընդունելության ամենամյա առավելագույն քվոտան 160 հազարից կրճատել մինչեւ 130 հազար մարդու, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:

Սպասվում է, որ կօրինականացվի նաեւ որակավորված միգրանտների համար բնակության սահմանափակումն առաջին 5 տարում Սիդնեյ եւ Մելբուռն քաղաքներում (Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգների վարչական կենտրոններ): Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել ազգային միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համապատասխան փաթեթին:

«Երկրի բնակչության աճի կառավարումը մեր կառավարության քաղաքական խնդիրն է եւ մենք այն հետեւողականորեն լուծելու ենք: Այդ որոշման մաս է հանդիսանում միգրացիոն ծրագրի ստեղծումը, որը կբավարարի մեր տնտեսության կարիքները եւ հաշվի կառնի տարածաշրջանների պահանջները եւ մեր քաղաքների ներուժը», -ասել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը  Մելբուռնի առեւտրային պալատում ելույթի ժամանակ:

 Ակնկալվում է, որ Սիդնեյում եւ Մելբուռնում բնակության սահմանափակումը կանդրառանա նաեւ ուսանողների վրա, որոնք ուսման կամ որակավորման բարձրացման նպատակով ժամանում են Ավստրալիա:  Նրանք ստիպված կլինեն երկրի այլ քաղաքների ուսումնական հաստատութունները ընտրել:

Միայն 5 տարի անց, եթե ուսումնական ծրագիրը շարունակվելու  է, նրանք կարող են որպես ուսման վայր ընտրել Մելբուռնը կամ Սիդնեյը: Ավստրալիայում  մշտական միգրանտների թիվը վերջին 4 տարում օրենսդրորեն սահմանափակվել էր տարեկան 190 հազար մարդով, սակայն 2017 թվականից երկիրը 160 հազարից ավելի մարդ չի ընդունել: 2018-ին տարբեր միգրացիոն ծրագրերով երկիր է ժամանել 112 հազար մարդ: Ավելի վաղ Մորիսոնը բազմիցս ասել էր, որ կառավարությունը մտադիր  է նաեւ հետագայում կրճատել միգրանտների ընդունելության քվոտաները, ինչպես նաեւ մի շարք ջանքեր գործադրել երկրում միգրացիոն հոսքն ավելի հավասարաչափ բաշխելու համար: