Մարտի 21-ին Եվրամիության գագաթաժողովի ընթացքում ԵՄ անդամ 27 երկրների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնել են մինչեւ մայիսի 22-ը հետաձգել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը։ Այդ ամսաթիվը նշվում է հանդիպման ամփոփագրում։
Այսպիսով, բրիտանացիները կկարողանան մասնակցել Եվրախորհրդարանի պատգամավորների մայիսին կայանալիք ընտրություններին։ Բրյուսելում նշել են, որ ընտրություններից հետո Brexit-ի հետաձգումն այլեւս հնարավոր չէ։
Այն հետաձգելու համար Միացյալ Թագավորությանը անհրաժեշտ է կատարել մի շարք պայմաններ, մասնավորապես՝ բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամները պետք է հավանության արժանացնեն ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագիրը՝ հայտնում է DW-ն։ Գագաթաժողովի մասնակիցները կրկին ընդգծել են, որ համաձայնագիրը չի կարող վերանայվել։
Նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկին խնդրել էր Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը։





























