Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 25–ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Կողմերը անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումներին, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին:

Քրիստոֆ Պուարելը արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների տնօրենին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը: