Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է ուղարկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին՝ պահանջելով ներողություն խնդրել մայրցամաքի նվաճման ժամանակ Ամերիկայի բնիկ ժողովուրդների սպանության համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մայա-չոնթալների դեմ կոնկիստադոր Էռնան Կորտեսի ճակատամարտի 500-ամյա տարելիցին, որը տեղի է ունեցել Տաբասկոյում, Լոպես Օբրադորն այցելել է Կոմալկալկոյի բուրգեր եւ հանդես եկել տեսադիմումով։

«Դա ներխուժում էր, կատարվել են շատ անարդարություններ, այնտեղ ապրող ժողովուրդներին ենթարկեցրել են, եւ դա եղել է վայր, որը մենք գիտենք որպես մեր Ամերիկա։ Ես նամակ եմ ուղարկել Իսպանիայի թագավորին եւ մեկ այլ նամակ Հռոմի պապին, որպեսզի ներողություն խնդրվի բնիկ ժողովուրդներից այն բանի խախտման համար, որն այժմ հայտնի է որպես մարդու իրավունքներ։ Սպանություններ են եղել, կամքի պարտադրում ժողովուրդներին, կոնկիստան կատարվել է թրով ու խաչով, իսկ եկեղեցիները կառուցվել են հնդկացիական տաճարների վրա»,- ասել է Լոպես Օբրադորը։

Նախագահը նունպես մտադիր է ներողություն խնդրել։ «Որովհետեւ գաղութատիրական շրջանի ավարտից հետո նույնպես կատարվել են բազմաթիվ բռնաճնշումներ յակի, մայա բնիկ ժողովուրդների դեմ եւ անգամ իրականացվել է չինացիների բնաջնջում Մեքսիկայում մեքսիկական հեղափոխության ժամանակ։ Մենք պետք է ներողություն խնդրենք»,- ասել է Մեքսիկայի նախագահը։

Լոպես Օբրադորի խոսքով՝ 2021 թվականին նշվելու է միանգամից մի քանի կարեւոր օր, ինչպես՝ Մեքսիկայի անկախության 200-ամյակը, ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի անկման (ժամանակակից Մեխիկոյի տեղում) 500-ամյակը եւ նրա հիմնադրման 700-ամյակը։ «Դա պետք է լինի հաշտեցման տարի»,- ավելացրել է Մեքսիկայի նախագահը։

Իսպանիայի իշխանությունները, արձագանքելով Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի՝ Իսպանիայի թագավորին հղած ուղերձին, որում պահանջվում էր ներողություն խնդրել ժամանակակից Մեքսիկայի տարածքի նվաճման ժամանակ իսպանացիների կատարած հանցագործությունների համար, կոչ են արել հինգհարյուրամյա վաղեմության իրադարձությունները չգնահատել արդիականության դիրքերից։

«500 տարի առաջ իսպանացիների գալը մեքսիկական ներկայիս հողեր չի կարող գնահատվել արդի նկատառումների համատեքստում։ Մեր եղբայրական ժողովուրդները միշտ կարողացել են մեր ընդհանուր անցյալը դիտարկել առանց ցասման եւ կառուցողական տեսակետից, որպես ժառանգություն ունեցող ազատ ժողովուրդներ»,- ասվում է Իսպանիայի կառավարության ուղերձում։

Կառավարությունը ափսոսանք է հայտնել, որ Մեքսիկայի նախագահի մարտի 1-ին ուղարկված նամակի բովանդակությունը հայտնի է դարձել հասարակությանը եւ ասել, որ ուղերձի բովանդակությունը «մերժում» է ու կոչ է արել «ամրապնդել երկու երկրների բարեկամական հարաբերությունները»։