Գերմանիայի դաշնային կառավարությունը պաշտոնապես չի հավատարմագրի Օտտո Գեբաուերին, որին Վուենուելայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն Բեռլին է ուղարկել որպես դիվանագիտական ներկայացուցիչ, հաղորդում է Die Neue Osnabrücker Zeitung-ը: Գերմանական թերթը վկայակոչում է երկրի ԱԳՆ-ից Ձախ կուսակցության հարցմանն ի պատասխան ուղարկված պատասխանը:
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Բեռլինը Գեբաուերին ընդունել է մարտի 13-ին «որպես ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի անձնական ներկայացուցիչ, որի հետ Գերմանիայի իշխանությունները շարունակելու են քաղաքական թեմաներով երկխոսությունը»: Այդ կապակցությամբ այլ քայլեր նախատեսված չեն, նշվում է ԱԳՆ պատասխանում:
Die Neue Osnabrücker Zeitung-ին դիվանագիտական շրջանակներից հայտնի է դարձել, որ ԵՄ անդամ պետությունների թվում առաջին հերթին Իսպանիան է պնդել, որ Գեբաուերին դիվանագիտական կարգավիճակ չտրվի, ինչպես նաեւ դրա հետ կապված արտոնություններ:
Նշենք, որ ընդդիմության առաջնորդ, Վենեսուելայի խորհրդարանաի խոսնակ Խուան Գուայդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել:
ԱՄՆ-ն, Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ Գուայդոյին Վենեսուելայի նախագահ են ճանաչել: Ռուսաստանը եւ Չինաստանը երկրի օրինական նախագահ են ճանաչում Նիկոլաս Մադուրոյին:





























