Գեզարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցն ընդամենը երկու աշակերտ ունի՝ 8-րդ եւ 1-ին դասարան հաճախող:

ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարարել էր, որ այդ դպրոցի 1 աշակերտի կրթությունն ապահովելու համար պետական բյուջեից ամեն տարի 19 մլն դրամ է ծախսվում: Նա նաեւ նշել էր, որ գյուղական դպրոցներում աշակերտների փոքր թվով պայմանավորված՝ հաճախ երեխաները ստիպված են լինում սովորել միացված դասարաններում։

Նախարարի խոսքով, պետք է համայնքների, նաեւ ծնողների հետ աշխատել, որպեսզի կարողանան, օրինակ, մի գյուղի 6-րդ դասարանցիներին բերել մյուս գյուղի 6-րդ դասարան եւ լիարժեք դասարան ձեւավորեն, իսկ 5-րդ դասարանցիներին տանեն այն գյուղի 5-րդ դասարան, որ նրանք լիարժեք կրթություն կարողանան ստանան։

NEWS.am-ը  խոսեց Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանի հետ: Վերջինս հայտնեց, որ ինքը տեղյակ է նախարարի հայտարարության մասին, առարկայական քննարկումներ դեռ չեն եղել: Չնայած կարծում է, որ դպրոցի աշակերտների տեղափոխմամբ գյուղն էլ կդատարկվի, սակայն նշում է, որ եթե համապատասխան հրաման լինի նախարարության կողմից իրենք կընդունեն:

«Դպրոցում սովորում է երկու աշակերտ, 8-րդ դասարանցի՝ իմ եղբոր տղան եւ այս տարի առաջին դասարանցի ենք ընդունել՝ աղջիկ երեխա է: Ընտանիքը երեսուն տարի ապրում է Գեղաքարում: Ես լսել եմ նախարարի հայտարարությունը մեր դպրոցի մասին: Եթե որոշեն այլ համայնքի դպրոց տեղափոխել, բնականաբար, կընդունենք, բայց ես ճիշտ չեմ համարում: Մեր համայնքում խնդիրն այնպիսին է, որ ձմռանը ճանապարհներն անանցանելի են լինում, իսկ ամենամոտ համայնքը Խաչաղբյուրն է, որը մեզնից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում: Խնդիրներ շատ կան. մի երեխան ժամը 12-ի կողմերն է ավարտում, մյուսը՝ երկուսի»:

Հաջորդ խնդիրը, ըստ տնօրենի, այն է, որ գյուղի հիմնական բնակիչները դպրոցի աշխատողներն են, այսինքն եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի, էլ բնակիչ չի մնա: Դպրոցի անձնակազմը 10 հոգի են՝ 5 ուսուցիչ, 1 տնօրեն, 4-ը՝ ուսումնաօժանդակ աշխատակիցներ:

«Բնականաբար, ես էլ կտեղափոխվեմ գյուղից, մեկ վայրկյան չեմ մնա,այլ տեղ կգտնեմ աշխատանք: Գյուղը դպրոցով, մանկապարտեզով, մշակույթի տնով է գյուղ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թագուհի Աթայանը՝ շեշտելով, որ միայն դպրոցն է պահում գյուղը, անգամ մանկապարտեզ ու մշակույթի տուն չկա:

Ավելի վաղ  NEWS.am-ը անդրադարձել էր Գեղաքարի միջնակարգ դպրոցին: Դպրոցը գործում է գյուղի նախկին խանութի շենքում: Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմից հայտնել էին, որ գյուղում գրանցված բնակիչների թիվը 175 է, գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղը չունի ո՛չ մանկապարտեզ, ո՛չ մշակույթի տուն: Գյուղին կցված է բուժքույր, որն անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերում: Գյուղապետարանի շենքն էլ քարուքանդ վիճակում է գտնվում: Այս պայմաններում աշխատում են, ապրում: Գյուղից շուրջ 7 կմ հեռավորության վրա Խաչաղբյուր գյուղն է, որտեղի խանութ էլ գնում են անհրաժեշտության դեպքում:

Հավելենք նաեւ, որ անդրադառնալով  նմանօրինակ դպրոցների խնդիրներին՝ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը շեշտել էր որ ՀՀ նոր կառավարությունն ի տարբերություն նախորդների, դեմ է դպրոցների օպտիմալացման ծրագրին։

Դպրոցների խնդիրների ուսումնասիրությունը նախարարությունը սկսել Է 2018թ.–ին։ Մի քանի դպրոցների մասին որոշումներ արդեն կայացվել են։ Այս տարի գործընթացը եւս շարունակվելու է`մինչեւ որ բոլոր դպրոցների խնդիրներին համապատասխան լուծումներ գտնեն:

Երեխային հավուր պատշաճի կընդունենք, կշնորհավորենք. Գեղաքարի հիմնական դպրոց այս տարի հաճախելու է 1 առաջին դասարանցի