Կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ առաջին պաշտոնական բանակցություններում բեկում չի եղել, ինչը սպասելի էր արձանագրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, կարծես թե, երկու կողմերն էլ արձանագրում են, որ երկխոսությունը, քննարկումները պետք է շարունակվեն. «Իմ տպավորությամբ առաջնահերթ քննարկվել է վստահության մթնոլորտն ապահովելու համար մի քանի քայլերի հաջորդականությունը, որպես առաջնային օրակարգ համարվել է հենց այդ մթնոլորտի ձեւավորումը. դա թե դիպուկահարներին հետ քաշելու խնդիրն է, թե սահմանային լարվածության թուլացումն է, որի շուրջ փորձ է արվում քննարկումները շարունակել:
Ինչ վերաբերում է առավել սկզբունքային խնդիրներին, ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ առաջաին հանդիպման օրակարգում չէր կարող լինել սեղանին եղած 3 սկզբունքների եւ 6 տարրերի դետալների քննարկումը, որը կհանգեցներ մեկ միասնական ընկալման այդ հարցում, քանի որ մինչ այդ դեռ բավականաչափ ճանապարհ կա անցնելու:
«Չնայած «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում Ալիեւը կրկին պնդել է, որ իրենց համար առաջնային հարցը, իրենց բնորոշմամբ, գրավյալ տարածքների դեմիլիտարիզացիան է, ես չեմ կարծում, որ նման հարց ընդհանրապես քննարկվել է Փաշինյան-Ալիեւ բանակցությունների ընթացքում»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում որեւէ խոսք չկար Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե 3 ժամ 10 րոպե տեւած հանդիպման ժամանակ ընդհանրապես այդ հարցը քննարկվել է, թե ոչ, բայց իհարկե, մտահոգիչ է Ալիեւի այն հայտարարությունը, որ ֆորմատի փոփոխություն չի լինելու: Ինձ համար մտահոգիչ էր, որ Ալիեւը վկայակոչեց համանախագահների նախավերջին հայտարարությանը՝ նշելով, որ նրանք շատ կոռեկտ են, որ ֆորմատի փոփոխությունը պետք է համաձայնեցվի կողմերի հետ: Ես այստեղից կարող եմ երկու ենթադրություն անել, կամ հանդիպման ընթացքում որոշակի քննարկում եղել է, որին Ալիեւը տվել է մեզ համար սպասելի արձագանք, կամ ընդհանրապես, նման քննարկում չի եղել, եւ հետագա քննարկումներում այս հարցը օրակարգ չբերելու համար Ալիեւը ի սկզբանե փակում է թեման»:
Ինչ վերաբերում է հնչող տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը ներքին լսարանի համար մեկ բան է ասում, իսկ բանակցություններում՝ մեկ այլ բան, քանի որ նրա կողմից բարձրացված օրակարգային խնդիրները տեղ չեն գտնում համանախագահների հայտարարություններում, արդյոք ինքը եւս նման կասկածներ ունի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Սա այն հարցն է, որտեղ կասկածներով առաջնորդվելն առնվազն ազնիվ չէ, որովհետեւ մենք գործ ունենք շատ զգայում խնդրի հետ: Ես չեմ բացառում, որ 3 ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում Փաշինյանը այդ հարցերը դրել է քննարկման օրակարգ: Ես չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ բացառել, ուստի չունենալով տեղեկատվություն, ասել, որ Փաշինյանը հայաստանյան լսարանի համար մի բան է ասում, բանակցություններում բոլորովին այլ բաներից է խոսում, ես ինձ նման իրավունք չեմ վերապահի, որովհետեւ դա կլինի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում»:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ առաջին պաշտոնական բանակցություններից մեծ բեկումնային ակնկալիքներ պետք չէր ունենալ. «Անկեղծորեն ասեմ, որ բեկումնային սպասելիքներ չունեմ ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ հնարավոր 4-րդ հանդիպումից»:




























