Ինդոնեզիայի զբոսայգիներից մեկում՝ Ջակարտայում գտնվող Էնքոլ Դրիմլենդում, արտասովոր որոշում է կայացվել կտորե վերնաշապիկներով «հագցնել» ջրահարսերի քանդակները, որոնք տեղադրված են այգում ավելի քան 15 տարի, հաղորդում է Fox News-ը:

Զգոսայգու ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ քայլը ձեռնարկվել էր զբոսայգում «ավելի ընկերական եւ ընտանեկան» մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Նրանք ընդգծել են, որ այդ որոշումն այգու ղեկավարությունը կայացրել է ինքնուրույն առանց «արտաքին ճնշման»:

Սակայն հարկ է նշել, որ զբոսայգու այցելուներն ամենեւին հիացած չեն տարօրինակ նախաձեռնությամբ:

«Նրանք պարզապես փակել են արվեստի գործերի հասանելիությունը հանրության համար»,- BBC Indonesia-ին հայտնել է քանդակագործ Դոլորոսա Սինագան:

«Արձանները մեզ բնավ չէին խանգարում: Տարօրինակ է տեսնել այդկերպ ծածկված արվեստի գործերը»,-նշել է զբոսայգու այցելուներից մեկը: