«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Արցախը պետք է մասնակցի Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, իսկ մադրիդյան սկզբունքները մեռելածին են։

«Մադրիդյան սկզբունքերը դե ֆակտո չեն գործում, դե յուրե պետք է հանվեն, այս հիմնախնդիրը փաստացի տարածքի վրա լուծված է։ Մադրիդյան սկզբունքները պետք չէ, որ լինեն դիվանագիտական օրակարգում»,– ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը լրագրողների հետ զրույցում։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանը պետք է ճշգրտի, թե ինչպես է դիտարկում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, թե՞ որպես անկախ պետություն։ Դրանից արդեն կբխի հաջորդ քայլերը, իսկ սկզբունքները՝ լինեն մադրիդյան, թե մոսկովյան, պետք է ընդունելի լինեն ոչ միայն Երևանի, նաև Ստեփանակերտի համար։

«Մենք պետք է մեր ազգային շահերը շատ շիտակ ներկայացնենք մեր ժողովրդին, նաև մեր միջազգային գործընկերներին»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը այս թեմային անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի բացման խոսքում եւ "Goodbye, Madrid" բառերով հրաժեշտ էր տվել այդ սկզբունքներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, կայացել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը։ Օրակարգում էին վարչության նոր կազմի ընտրությունը, վարչության հաշվետվությունը, կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, կուսակցության ծրագրի փոփոխությունները։