«Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարից հետո, վարչության անդրանիկ նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ է ընտրվել լեզվաբան Նարինե Դիլբարյանը, իսկ քարտուղար է ընտրվել լրագրող Վանիկ Ալեքսանյանը:

Համագումարը նաև բանաձև է ընդունել, ըստ որի՝ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխոթյուն, «սակայն որին դեռեւս չի հետեւել դեպի իրական ժողովրդվարություն տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը»։

Կուսակցությունը նաեւ մտահոգություն է հայտնում, որ «գերկուսակցականացված միահեծան իշխանության ուրվականի հետզհետե նյութականացումը վտանգում է երկիրն՝ իր կառավարման հոռի անցյալով նորովի վերադարձածի տեսլականով։ Հայաստանի՝ ներառյալ Արցախի և Սփյուռքի, անվտանգային միջավայրը շարունակում է մնալ խոցելի։ Հայրենազրկումը՝ անհատապես, թե հավաքականորեն, դեռ իր տեղը չի զիջել հայրենադարձությանը»։

Նաև վերահաստատում են հավատարմությունը «2012թ-ին հռչակված ու 2013թ–ին վերահաստատված նոր Հայաստանի ուխտին և 2018թ-ի՝ դրա շարունակությունը հանդիսացող համաժողովրդական հեղափոխությանը»։

Համագումարը որոշեց. «Մեր քաղաքացիների հետ միասին՝ նպատակաթիրախ շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի՝ որպես նոր քաղաքակրթության կայացման, իսկ այդ ճանապարհին ջանք չխնայող հաջորդ՝ բովանդակությամբ առաջին իրավական ընտրությունների միջոցով ձևավորելու ուժեղ և արհեստավարժ իշխանություն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, կայացել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը։ Օրակարգում էին վարչության նոր կազմի ընտրությունը, վարչության հաշվետվությունը, կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, կուսակցության ծրագրի փոփոխությունները։