«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ի մասին չեն մտածում, թող գոնե կառավարության բյուջեի մասին մտածեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող ընկերության գործադուլին:
Նրա խոսքով 8–րդ օրն է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը երթուղին չի սպասարկում, բայց ոչ մի բողոք չկա բնակչության կողմից, քանի որ նույն երթուղում շարունակվում է այլ մեքենաներով ապօրինի սպասարկումը։
«Բոլոր այդ տրանսպորտային միջոցները, գողանում են այն եկամուտները, որը պետք է ստանար «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ն»,–ասաց Գրիգորյանը։
Նա անդրադարձավ նաեւ կառավարությունից հնչեցված պարզաբանումներին։
«Մարտի 28–ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, մի քանի հանգամանքներ հայտնեց, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ինչու՞ տեղյակ չեն գործառույթներին, իրենց իսկ նախարարության հետ կապված»,–ասաց փաստաբանը։
Ըստ փաստաբանի, նախարարի այն խոսքը, թե հարցը լուծված է եւ 20% է մնացել, որ ամբողջությամբ լուծեն, նույնպես իրականությանը չի համապատասխանում։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ մեքենաները սպասարկում են ոչ թե Երեւան–Արմավիր, այլ երեւան–Մյասնիկյան եւ Երեւան–Մեծամոր ուղղությունները, Գրիգորյանը հերքեց, ասելով, որ անձամբ հանդիպել է համայնքի ղեկավարների հետ, նրանք հաստատել են, որ իրենց համայնքներում նման երթուղիներ չեն գործում. «Համայնքի ղեկավարների գրություններն էլ եմ բերել, հավաստիացնելով, որ նշված ուղեգծերը չեն աշխատել երբեւիցե։ Դուրս է գալիս, որ այդ ուղեգծերը աշխատել են թղթի վրա»։
Փաստաբանի խոսքով ամեն ինչ հատուկ է արվում, որ ՍՊԸ–ն սնանկանա։
«Մարդը հավատաց հեղափոխությանը, հավատաց անձամբ վարչապետին, բավականին խոշոր ներդրում կատարեց։ Այդպիսի ներդրումը, այն էլ այս ոլորտի մեջ, ես չեմ տեսել, որ գոնե խրախուսվի: Անում են ամեն ինչ, որ մարդը սնանկանա»,–ասաց Գրիգորյանը։
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ ներկայացրեց լուսանկարներ, որտեղ երեւում են սպիտակ համարանիշերով մեքենաներ, ապակու վրա Երեւան–Մեծամոր–Արմավիր, Երեւան–Մյասնիկյան–Արմավիր գրություններով։
«Վարչապետը նրա համար չի, որ սենց մանր հարցեր լուծի, սա նախարարության հարցն է։ Որ տեսնում ենք հարցին լուծում չկա, գնալով ավելի է վատանում, ճահիճը ընկանք, հավասարվեցինք հողին, ստիպված եկել ենք խնդրենք, որ մեր պարոն վարչապետն, ինչ որ մի ձեւ աջակցի մեզ»,–ասաց Խաչատրյանը։
Նրանց խոսքով բողոքի ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցին լուծում կտրվի։
Հիշեցնենք, որ արդեն 8–րդ օրն է Երեւան–Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ն դադարեցրել է երթուղու շահագործումը։ Նրանք մեքենաները կայանել են կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով, որ երթուղուց դուրս գան այն սպասարկող ապօրինի մեքենաները։





























