ԱԺ–ում Մարտի 29–ին քվորումի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է եղել, թյուրիմացություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել։ Արագ շտկեցինք խնդիրը, որ դա չլինի ի հաշիվ Արցախ այցի, ոչ էլ նախագծի քննարկմանը»,- նշեց նա և ավելացրեց, որ կարևոր էր՝ հենց ուրբաթ օրը պատգամավորները լինեին Արցախում:
Հարցին՝ հնարավոր չէր արդյոք գնալ Արցախ նախագծի քննարկումից հետո Մակունցը պատասխանեց. «Ոչ, չէր կարող, որովհետև մեզ համար չափազանց կարևոր էր հենց ուրբաթ օրը լինել Արցախի Հանրապետությունում: Դա պետք է լիներ շատ արագ և հրատապ: Ուրախ եմ, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը համընկել է մեր Արցախ այցելության օրվա հետ: Այցելությունը ենթադրում էր ԱԺ նախագահի, բոլոր հանձնաժողովների, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում: Դա խմբակցության առաջին պաշտոնական այցն էր Արցախ, որով կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի Հանրապետության ԱԺ հանձնաժողովների նախագահների միջև»,- պատմեց Մակունցը:
Հիշեցնենք, որ մարտի 29–ին նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր, չէին ներկայացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Հայտարարվել էր, թե նրանք մեկնել են Արցախ, սակայն հենց գրանցման ժամանակ Արցախ մեկնող պատգամավորների մի ամսը միջանցքներում էին, ինչը կասկած էր առաջացրել, որ նրանք դիտավորյալ չեն մասնակցել նիստին օրակարգում գտնվող նախագծի քվեարկությունը տապալելու համար։ Ավելի ուշ պատգամավորները կես ճանապարհից վերադարձել էին և քվեարկել։ Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր՝ երկրորդ ընթերցմամբ: Այս փաթեթը վերաբերում էր ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի, որ Վահե Գրիգորյանը եւս մեկ անգամ հնարավորություն ստանա առաջադրվելու:





























