ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ լայնամասշտաբ լսումներ կկազմակերպվեն։ Այս մասին ապրիլի 1-ին «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության փակ նիստից հետո ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է՝ դրա ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքերով, այդ հարցի պատասխանատու խորհրդարանական մշտական հանձնաժողովներն արդեն համապատասխան բավական ինտենսիվ աշխատանք են կատարել։ «Կարծում եմ՝ ամեն ինչ բաց եւ թափանցիկ կլինի, եւ մենք բոլորս կկարողանանք հետեւել այդ գործընթացներին»,- ասել է Մակունցը։
Խոսելով, կառավարության կառուցվածքի բարեփոխման նախագծի մասին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ մինչ խորհրդարանին ներկայացնելը իրենք արդեն քննարկել են բոլոր տարբերակները, փոխվարչապետի գրասենյակում անցկացրել են հանդիպումներ, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց առաջարկությունները եւ հուզող հարցերը։ «Որքան ինձ հայտնի է, տվյալ փաթեթը մեր առաջարկություններից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել»,- հավելել է Մակունցը։





























