Մեր խնդիրն այն էր, որ ընդհանուր առմամբ պարզեցնենք հարկային համակարգը: Այս մասին ապրիլի 1-ին Տնտեսական հարցերով  խորհրդարանական մշտական հանձնաժողովին առընթեր միջին եւ փոքր բիզնեսի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դրանով այս պարզեցման ենթատեքստում ավելի վաղ իրենց նախաձեռնած առաջին համակարգային փոփոխությունը ուղղված էր հարկման «բազմազանության» նվազեցմանը:

«Այսպիսով, մենք ցանկանում ենք հարկային օրենսգրքի մեջ թափանցիկություն մտցնել: Գործող օրենսդրության համաձայն՝ հարկման 5 համակարգեր կան, որոնք ե՛ւ միմյանց լրացնում են, ե՛ւ բացառում, բայց, այդուհանդերձ, այս հարցում մեզ մոտ բազմազանություն է առաջանում»,- պարզաբանեց Պողոսյանը:

Նա նախ ներկայացրեց ինքնազբաղված քաղաքացիների հարկման համակարգը, որոնց տարեկան իրացման առավելագույն շեմը մինչեւ 9 մլն դրամ է, առանց վարձու աշխատող ունենալու հնարավորության:

Պողոսյանն այնուհետեւ ներկայացրեց ընտանեկան բիզնեսի հարկման համակարգը, որը 2 անգամ ավելի է՝ 18 մլն դրամ շրջանառությամբ:

«Այստեղ կարող են իրենց թույլ տալ աշխատողների վարձել, բայց պայմանով, եթե նա ընտանիքի անդամ է»,- նշեց փոխնախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ հաջորդ համակարգը շրջանառության հարկն է, որի մեջ մտնում են 62-ից մինչեւ 63 հազար հարկատուներ:

Պաշտոնյան նշեց, որ ներկայումս ապրանքաշրջանառության առավելագույն շեմը կազմում է 58,35 մլն դրամ, բայց նոր օրինագծով առաջարկվում է շրջանառության ավելի բարձր շեմ՝ 115 մլն դրամ:

Այդ ժամանակ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նիստին եկամտահարկը չի քննարկվում, եւ որ դրա համար իրենք դեռ հնարավորություն կունենան: