Նոր Հաճնի համար 1 դպրոցի սաների ներկայացրած «Չապրած գարուններ» բեմադրությունը նվիրված է 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կանխած հերոսներին:

Այսօր՝ այդ ողբերգական իրադարձությունների 3-րդ տարելիցին, բեմադրությունը ցուցադրվեց ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական թանգարանում: Հանդիսատեսի թվում ապրիլյան պատերազմի մասնակիցներ էին, մահացած հերոսների ծնողներ:

«Այդ սարսափելի իրադարձություններից հետո ես շատ հարցեր ունեի, որոշների պատասխանները ես գտա «Հայ զինվորի» թղթակից, փոխգնդապետ Գայանե Պողոսյանի ակնարկում:

Այդպես ծնվեց բեմադրություն ստեղծելու գաղափարը, որը մարտերի մասնակիցների անունից պատմում է այդ իրադարձությունների մասին», -  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Հաճնի դպրոցի տնօրենի տեղակալ Լուսինե Սանթրոսյանը: Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցին:

Առանձնահատուկ նշանակություն ունի այն,  որ բեմադրությունը ներկայացվում է Ռազմապատմական թանգարանում:

«Մեր բեմադրությունն ի հիշատակ նրանց է, ովքեր արդեն չկան եւ ի նշան երախտագիտության նրանց, ովքեր ողջ են մնացել: 18-20 տարեկան տղաների գիտակցված ինքնազոհաբերություն:

Նրանք մեզ նվիրեցին իրենց վերջին գարունը, որպեսզի մենք ձեզ հետ մյուս գարուններն ապրենք», - նշեց Լուսինե Սանթրոսյանը:

Աշակետրները՝ ապագա զինվորները, հանդիսատեսին տեղափոխեցին ապրիլի 2-ի ողբերգական գիշերը, երբ առաջնագիծը, իսկ հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ադրբեջանական հրետանու կրակի տակ հայտնվեցին, երբ երիտասարդ զինվորները ստիպված էին դիմակայել թվաքանակով եւ փորձով գերազանցող Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գրոհին: