Նախորդ շաբաթ ռուսական ազդեցիկ  լրատվամիջոցներից մի քանիսը անդրադարձան  ՀՀ  2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գործին: Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչը, անդրադառնանք այն իրավական հարցերին, որոնք հնչեցվեցին ռուսական ԶԼՄ-ներով:

1. Կալանքի հիմնավորվածությունը. Ռուսական ԶԼՄ-ները  կարեւորվում են խափանման միջոցի՝  կալանքի հարցը: Սա այն հարցն է, որի մասին բազմիցս խոսել ենք նաեւ մենք, խոսել են փաստաբանները եւ մասնագետ-իրավաբանները: Թեեւ նախաքննության ընթացքում եւս կալանքի հիմնավորվածությունը խոցելի էր,  բայց նախաքննության ավատից հետո այդ հիմքերը իրապես սպառել են իրենց: Հիմքերից առաջինը, որ վերաբերում էր գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, լիովին կորցրել է իր նշանակությունը, քանի որ նախաքննությունն ավարտված է, իսկ հաջորդ հիմքը՝ փախուստի վտանգը երբեւէ բավարար հիմնավորվածություն չի ունեցել, խոցելի է եղել նախեւառաջ այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ  ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան եւ չի խուսափել քննությունից:  Եվ դատարանի որոշումը նախաքննության ավարտից հետո խափանման միջոցը թողնել նույնը հաստատում է մտահոգությունն այն մասին, որ կալանքը Հայաստանում կիրառվում է ամենեւին ոչ այն նպատակով, ինչի համար քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է:

2. Դատական համակարգի անկախություն. Ռուսական ԶԼՄ-ները  խոսում են դատարանի անկախության խնդրի մասին, հղում անելով նաեւ հայտնի գաղտնալսումներին:  Սա այն խնդիրն է, որի շուտափույթ կարգավորումը կարեւոր է ոչ միայն Մարտի 1-ի գործի քննության, այլեւ ընդհանրապես ամուր, իրավական պետություն ունենալու ենթատեքստում: Արդար եւ չուղղորդվող դատավարությունը միայն ու  միայն նպաստելու է իրավական գործընթացները քաղաքականացնելու վտանգավոր պրակտիկային վերջ տալուն: Ռուսական ԶԼՄ-ները, դատարանների վրա առկա ճնշումների ենթատեքստում անդրադառնում են  հայտնի գաղտնալսմանը։ Մի բան, որի մասին մենք դեռեւս ամիսներ առաջ զգուշացրել ենք. Դա փաստ է, եւ այն միջազգային հանրության եւ ՄԻԵԴ-ի համար ունենալու է կարեւորագույն նշանակություն, անկախ հայաստանյան ներքին միջավայրում դրա հերքման կամ այլեւայլ մեկնաբանությունների փորձերի։

3. Փաստաբանների նկատմամբ ճնշում հասարակության լայն շերտերի կողմից. Հասարակության մեջ ձեւավորված անհանդուրժողականության մթնոլորտը, «սոցցանցային արդարադատությունը», փաստաբանների նկատմամբ գրոհները չեն վրիպել նաեւ ռուսական լրատվամիջոցների աչքից: Հասարակությունը հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սեւերի եւ սպիտակների բաժանելը բերել է մի շարք բացասական հետեւանքների, այդ թվում իրենց պարտականությունը կատարող փաստաբանների նկատմամբ խիստ անհանդուրժողական վերաբերմունքի: Այս միտումը ակնհայտորեն վնասելու է արդար դատավարության սկզբունքին, քանի որ առանց փաստաբանության հնարավոր չէ իրականացնել իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն։

4. Քննվող գործին միացված այլ անհիմն քրեական գործեր. Խոսքն այստեղ թերեւս «սիլվայական արդարադատության» մասին է: Երբ մի կնոջ մերկապարանոց եւ իրար հակասող հայտարարությունների հիման հարուցվել են մի շարք քրեական գործեր: Սրանք ապագա չունեցող գործեր են, որոնք մի պահից պարզապես «ջախջախվելու» են:

5. Անձեռնմխելիությունը. Անձեռնմխելիության վերաբերյալ իրար հակասող հիմնավորումները եւ վերլուծությունները եւս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Սա այն հարցն է, որին պետք է տրվի իրավական պատշաճ գնահատական: Սա սահմանադրական նորմ է, հետեւաբար չի կարող ենթարկվել կամայական մեկնաբանության:

Սրանք այն իրավական հարցերի մի մասն են, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Եվ պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներն  ֆիքսել են  այս  իրավական խնդիրները։  Հասկանալի է, որ դրանք մանրամասն քննվելու են նաեւ Եվրոպական դատարանի կողմից եւ դրանց տրվելիք գնահատականները վստահաբար կարելի է կանխատեսել:  

Ու թեեւ ՀՀ -ում արդարադատության նկատմամբ վտահության դեֆիցիտ կա, ուզում եմ հուսալ, որ կգտնվի կամք ավարտել գործերը մեր դատական համակարգով, հակառակ պարագայում իրավական խնդիրների այս համակցությամբ դրանք ՄԻԵԴ-ում անշուշտ պարտվելու են»: