Ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ոչ բոլորին է վստահություն ներշնչում: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նամակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված մեղադրանքները մեխանիկորեն ստվեր են գցում ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի վրա, որը 1999 թ. Ազգային ժողովում ահաբեկչական հարձակման զոհ դարձավ:
«Այդ իմաստով ուզում եմ նկատել, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները բավականին զուսպ են արտահայտվել եւ ես անգամ կասեի բացասաբար՝ Շիրխանյանի արարքի նկատմամբ, քանի որ բոլորը շատ լավ հասկանում են, որ եթե այդ խախտումները եւ կեղծումները եղել են, իսկ ես վստահ եմ, որ եղել են, քանի որ ինքս այդ բոլոր իրադարձությունների անմիջական ականատեսն էի, ապա դրանք չէին կարող իրականացվել առանց Վազգեն Սարգսյանի հավանության, քանի որ նա այդ ժամանակ ավելի ազդեցիկ անձ էր, քան Քոչարյանը: Դա հասկանում են նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրները», -. պարզաբանեց Հակոբյանը:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը նշեց, որ Շիրխանյանն անձամբ բավականին էպատաժային եւ ոչ միանշանակ անձնավորություն է, որն ամեն կերպ փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա:
Վիգեն Հակոբյանը, ճիշտ է նկատեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը չէր կարող ուշադրություն չդարձնել նրա բաց նամակին, քանի որ Շիրխանյանը ժամանակին բավական բարձր եւ պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել:
«Բայց, անկեղծ ասած, ես ինքս նամակում ինձ համար նոր բան չտեսա: Այդ ամենի մասին արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է », - շեշտեց քաղաքագետը:





























