Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեն հրապարակել է զեկույց, որում Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի դադարեցման պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա, տեղեկացնում է BBC-ն։

Պատգամավորները եկել են այն եզրահանգման, որ ՓՄՀՀՊ-ն պահպանելն ամենայն հավանականությամբ չի հաջողվի, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է վերադառնալ համաձայնագրի պայմանների կատարմանը։ Հետեւաբար, ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է գտնել «Մոսկվայի գործողություններին այնպես պատասխանելու միջոց, որպեսզի դա համապատասխանի դաշինքի անդամ երկրների գերակայություններին»։

Պատգամավորները նաեւ գործընկերներին խորհուրդ են տալիս հրապարակավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացնել ապացույցներ, որ Ռուսաստանը նորից շարք է մտցրել հրթիռներ, ինչը ՆԱՏՕ-ն որակել է որպես ՓՄՀՀՊ խախտում։

«Բրիտանիան պայմանագրի մաս չի կազմել, բայց, ինչպես եւ ՆԱՏՕ մյուս անդամները, մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի կողմից Արեւմտյան Եվրոպային սպառնացող եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ մյուս անդամների միջեւ կապերը խախտող հրթիռների շարք մտցնելու հետեւանքները»,- ասել է պաշտպանության կոմիտեի նախագահ Ջուլիան Լյուիսը։

Զեկույցում հիշատակվում է ավելի վաղ ԱՄՆ հնչեցրած թեզն այն մասին, որ Ռուսաստանը ստեղծել է 9M729 հրթիռը «Իսկանդեր Մ» համալիրի համար, որի հեռահարությունը գերազանցում է պայմանագրով նախատեսված 500 կիլոմետր սահմանափակումը։