Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք ընդգծվեց հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերություններին:

Զոհրաբ Մնացականյանը եւ Տագեսսե Չաֆոն ուղենշեցին երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների  խորհդարանների միջեւ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն ժողովուրդների միջեւ բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվեցին բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական եւ առեւտրատնտեսական ոլորտները:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար: