ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ 15 մլն դոլարի  վարկային պայմանագիր  են ստորագրել։ Լրագրողների հետ զրույցում  բանկի  վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ընդգծել է, որ այդ համագործակցությունը հնարավորություն կտա ընդլայնել վարկավորման ծավալները, որն  ուղղված կլինի Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի կայուն զարգացման խթանմանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  եւ EFSE-ն, նրա խոսքով, համագործակցում են 2010 թվականից եւ այդ ընթացքում հայկական կողմն իր գործընկերոջից մոտ 63 մլն դոլար է ստացել, որն ուղղվել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորմանը: 9 տարվա ընթացքում այդ ծրագրի շահառուներ են դարձել ավելի քան 2000 ձեռնարկատերեր, որոնք ստացված ֆինանսավորման շնորհիվ կարողացել են ոտքի կանգնեցնել և զարգացնել  իրենց բիզնեսը:

Սակայն վարկն ամենակարեւորը չէ, որ բանկը ստանում է EFSE-ից եւ այլ հայտնի միջազգային գործընկերներից, ընդգծել է  Ա․Օսպիյանը։  Ավելի կարեւոր է այն, որ բանկը նաեւ տեխնիկական աջակցություն է ստանում, նոր տեխնոլոգիաներ, որոնք բանկի աշխատանքը բոլորովին նոր մակարդակի են բարձրացնում: Մասնավորապես EFSE-ից բանկը նոր տեխնոլոգիաներ է ստացել, որոնք կապված են ռիսկերի կառավարման եւ աուդիտի հետ, ինչպես նաեւ «responsible finance»՝ պատասխանատու ֆինանսավորում տեխնոլոգիան եւ գաղափարախոսությունը:

«Ես վստահորեն եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ամենամեծ առավելությունը տեխնոլոգիաներն են, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին», -նշել է  Օսպիյանը:

Ներկայիս վարկային պայմանագրի շրջանակում բանկը  EFSE-ից 15 մլն  դոլար կստանա, որը կուղղվի միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորմանը: Ավելին՝ բանկը պատրաստ կլինի ձեռնարկություններին նաեւ տեխնիկական աջակցություն տրամադրել, որը կօգնի ապահովել շուկայում նրանց մրցունակությունը:

«Ոլորտների հետ կապված սահմանափակումներ մենք չունենք. դա եւˊ թեթեւ արդյունաբերությունն է եւˊ ոսկերչական գործը եւˊ սպասարկման, առեւտրի, շինարարության  ոլորտները... Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի տնտեսության յուրաքանչյուր  ճյուղի զարգացմանը», - ասել է Աշոտ  Օսպիյանը:

EFSE-ի խորհրդի ղեկավար Քրիստոֆ Թիսկենսն իր հերթին նշել է, որ Հայաստանի տնտեսությունն, իր կարծիքով, այսօր բավականին լավ մակարդակի վրա է եւ ճիշտ ուղղությամբ է զարգանում, սակայն այն այնուամենայնիվ աջակցության կարքի ունի եւ հենց այդ աջակցությունն էլ EFSE-ն փորձում է ապահովել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ   հետ համագործակցության միջոցով: