Հայաստանյան գյուղերում ամեն մարդ չի, որ կարող է իրեն թույլ տալ միանգամից 15 կով պահել, երեւի ամեն գյուղում այդպիսի 1-2 մարդ գտնվի: Այս մասին, այսօր՝ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության ներկայացրած ծրագրին, որով առաջարկվում է գյուղերում նոր, ժամանակակից «խելացի» անասնագոմեր կառուցել:

Վերմիշյանի խոսքով, ավելի մեծ ծավալ հնարավոր կլինի ներգրավել, եթե 4 տեղանոց գոմեր կառուցվեն: Այդ դեպքում գրեթե բոլորը կարող են ներգրավվել ծրագրում, քանի որ նաեւ փողի գումարն է փոքրանում:

Գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը նշեց. «Մեր քաղաքականությունն ունի հետեւյալ փիլիսոփայությունը, թե ինչպիսի ֆերմեր ենք ուզում տեսնել. մենք չուզում ենք 10-15 տարի հետո տեսնել ֆերմեր, որն էլի հացի խնդի՞ր է լուծում, թե՞ ֆերմեր, որը բավարար գումար է վաստակում: 1-2 կովով մենք չենք կարող մեր խնդիրը լուծել: Եթե մարդիկ չունեն այդ փողը, որ կովեր գնեն, մենք զրո տոկոսով վարկ ենք տալիս, կնդանիների ապահովագրությամբ, պետությունը երաշխիքներ կտա: Այսինքն բոլոր հնարավոր պայմանները կստեղծենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հետեւել ծրագրի ընթացքին, եւ եթե տեսնեն, որ իրենց նախատեսված ծավալներով այն տեղի չի ունենում, փորձեն լուծել խնդիրը:

Վերմիշյանը նաեւ նկատեց, որ այս ծրագրերը բերում է խոշորացման, իսկ դա հանգեցնում է գյուղերի դատարկման, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը:

Սրան արձագանքեց Փաշինյանը. «Շատ երկրներում շատ բաներ տեղի չեն ունեցել, որը տեղի է ունեցել Հայաստանում»: