Ապրիլի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ նախագահ Վոնդրաչեկը պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն ներգրավվել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում, եւ իր համակրանքը՝ Հայաստանի նորընտիր խորհրդարանի եւ Հայաստանում իրագործվող ժողովրդավարության զարգացման գործընթացների հանդեպ։

ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին՝ Պալատի կողմից 2017թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ։ Նա ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները՝ հատկապես շեշտելով Եվրոպական Միության հետ զարգացող համագործակցությունը, եւ այդ առումով կարեւորելով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման անհրաժեշտությունը։

Դեսպանը բարձր գնահատեց հայ-չեխական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների դինամիկան՝ հույս հայտնելով, որ Ռադեկ Վոնդրաչեկը մոտ ապագայում կայցելի Հայաստան։

Դեսպանը նաեւ տեղեկացրեց Պատգամավորների պալատի նախագահին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների վերաբերյալ։