ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի եւ Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Արարատի մարզի Ոսկետափ եւ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական եւ քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման եւ դրանց արդյունավետության գնահատում:

Ծրագրի նպատակն է նաեւ.

- ցեցի դեմ պայքարի միջոցառումների կատարման ժամկետների որոշում եւ այդ մասին հողօգտագործողներին օպերատիվ տեղեկատվության ապահովում, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

- ցեցի կենսակերպի, տարածվածության եւ վնասակարության վերաբերյալ հողօգտագործողների իրազեկվածության բարձրացում:

Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է: Այն իրականացնելու համար անհրաժեշտ է 11,102,880 դրամ, ներառյալ բոլոր հարկերը եւ տուրքերը:

Հարցի զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գեւորգյանը ծրագրի ներկայացումից առաջ նշեց. «Սա այն վնասատուն է, որն անցյալ տարի լոլիկի…»:

«Ճանաչում ենք, հիշում ենք»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: