Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշում կայացվեց հետաձգել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետը:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ըստ գործող կարգավորումների այդ հանձնաժողովների անդամները պետք է նշանակվեին ԱԺ-ի կողմից վարչապետի ներկայացմամբ, ՀՀ նախագահի ընտրությունից մեկ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանում է ապրիլի 9-ին: Հիմա առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը:
«Այդ նշանակումները չեն կատարվել հայտնի պատճառներով, ԱԺ-ի ցրման եւ կառավարության ձեւավորման պատճառներով: Դրա համար առաջացել է հետաձգման խնդիր»,-ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ պետք է արագ փոփոխությունները կատարվեն այդ թվում ԱԺ-ում: Առաջարկվում է վերջնաժամկետ սահմանել հունիսի 30-ը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այդ հանձնաժողովների անդամներին ԱԺ-ի կողմից նշանակման հարցում սահմանադրականության խնդիր կա, քանի որ նախ նրանց պաշտոնավարման ժամկետը չի լրացել:
Նա նաեւ ընդգծեց, որ քանի որ ժամկետը լրանում է ապրիլի 9-ին, ապա դրանից հետո այդ հանձնաժողովները չեն կարող գործել: Վարչապետ Փաշինյանն էլ նկատեց, որ դրա համար արագ պետք է կազմակերպել օրենքի փոփոխությունը, որպեսզի ժամկետը երկարացվի եւ հանձնաժողովներն աշխատեն, իսկ հետագայում խնդրի կարգավորման հարցով 15-օրյա ժամկետում պետք է քննարկում կազմակերպել եւ հստակեցնել, թե ինչ ոլուծում է տրվելու խնդրին:





























