Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի եւ հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի հաջող կազմակերպման եւ անցկացման կապակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի երկամյա նախագահության առաջնահերթությունները, դրանց շարքում առանձնահատուկ ընդգծելով ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանումը՝ այդ թվում համապատասխան միջոցառումների եւ ծրագրերի իրականացումը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ պաշտոնական այցը Եթովպիա ի ցույց է դնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու Հայաստանի հանձնառությունը, իսկ Ֆրանկոֆոնիան հանդիսանում է մտքերի եւ արդյունավետ փորձի փոխանակման հենց այն ամուր հարթակը, որը հնարավորություն է ընձեռում գործուն քայլեր ձեռնարկել վերսկսելու ակտիվ երկխոսություն ֆրանկոֆոն արժեքները կիսող աֆրիկյան երկրների հետ:

Արտգործնախարարն ընդգծեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Հայաստանը մտադիր է գագաթաժողովում իր նախագահության ընթացքում նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, ինչպես նաեւ ֆրանկոֆոն հասարակությունների միասնության եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղության եւ բարօրության առավել  ամրապնդմանը: Այդ համատեքստում շեշտվեց, որ վերոգրյալ նպատակների եւ առաջնահերթությունների կյանքի կոչման համար Հայաստանը պատրաստակամ է սերտ համագործակցությամբ աշխատել միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության հետ:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Երեւանյան գագաթաժողովը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության արժեքներին, որոնց հիմքում ընկած են մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը եւ մարդասիրությունը, ինչպես նաեւ ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն արժեքների տարածումը, երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, թվային օրակարգի առաջմղումը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ֆրանկոֆոն երկրների դեսպանները հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ֆրանկոֆոնիայի առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց միասնաբար արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։