ՍԴ դատավորի պաշտոնում իմ նախընտրած թեկնածուները նրանք են, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պահանջներին՝ 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող եւ այլն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ես չեմ որոշում, թե ում հետ աշխատել, որոշում է ՀՀ նախագահը, կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ վերջնականապես նրանց ընտրում է Ազգային ժողովը: Այս առումով Սահմանադրական դատարանը նախընտրելի թեկնածու ունենալու իրավունք չունի կամ դա իր խնդիրը չէ», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ունի նախընտրած թեկնածու՝ հաշվի առնելով, որ արդեն ՀՀ նախագահը թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին եւ նրան, որ  Սահմանադրական դատարանի մասին օրենքում «նոր թեկնածու» եզրույթը տարբեր կերպ է մեկնաբանվում, Թովմասյանը ասաց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքում մի լավ դրույթ կա, որ պետք է ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կարծիք հայտնելու բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք երբեւէ կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Տեսականորեն ձեր բարձրացրած հարցը կարող է դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի չեմ կարող այդ հարցին պատասխանել:

Ես հետեւել եմ քննարկումներին, ունեմ իմ կարծիքը, բայց դա միայն իմ կարծիքն է, դատարանի կարծիքը չէ, եւ եթե ես այսօր որեւէ կարծիք հայտնեմ, ապա դա կարող է դիտարկվել կանխակալ վերաբերմունք այդ ամբողջի վերաբերյալ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս քննարկվում էր ՍԴ մասին օրենքի այն դրույթը, ըստ որի եթե ԱԺ-ում չի ընտրվում ՍԴ նոր դատավոր, ապա իրավասու մարմինը մեկամսյա ժամկետում կրկին առաջադրում է ՍԴ դատավորի նոր թեկնածու։ Առաջարկվել էր «նոր թեկնածու» արտահայտությունը դարձնել պարզապես «թեկնածու»: Շատերը նշում էին, որ դա արվում է մի պատճառով, որ փաստաբան Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունը մեկ անգամ ԱԺ-ում չէր հաստատվել, կրկին կարողանա առաջադրվել:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին, թեեւ Վահե Գրիգորյանը եւս թեկնածուների մեջ էր: