Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս պահին նշույլ անգամ որեւէ քաղաքական ճնշման Սահմանադրական դատարանում գոյություն չունի. վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ կապված տեղեկություններ հրապարակվեցին, որ ժամանակին նա ճնշումներ է գործադրել ՍԴ դատավորի նկատմամբ, արդյոք այս պահին կան նման ճնշումներ:
«Որքան տեղյակ եմ՝ գործը գտնվում է նախաքննության փուլում: Ձեզ վստահեցնում են, որ ՍԴ-ում անելիքներն այնքան շատ են, որ զբաղվել նախաքննության մարմնի գործառույթով, իմը չէ: Այսօր ինձ համար շատ ավելի կարեւոր է, թե ինչպիսի կառուցակարգեր կան նման երեւույթները երբեւէ բացառելու համար»,-ասաց Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած ճնշումներից ազատ գործելը առաջին նախապայմանն է ՍԴ-ի արդյունավետ գործունեության համար. «Զրո կաշկանդվածություն ցանկացած երեւույթից, ցանկացած անձից»:




























