Եթե դու չունես որակյալ կադրեր, դու խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե դատական իշխանության որակը բարձրացնելու ինչ տեսլական ունի, նա արձագանքել է. «Ցանկացած խնդրի լուծման համար ես միշտ առանձնացնում եմ երեք գործոն. Առաջինը իրավաբանական կրթությունն է. ինչպիսի օրենսդրություն ուզում ես ունեցիր, բացառիր ցանկացած ճնշում, ազդեցություն, եթե չունես որակյալ կադրեր, դու խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ:

Երկրորդը օրենսդրությունն է, այսինքն ինչպիսի օրենսդրություն ունես, որ այդ ամբողջն ապահովելու է եւ երրորդը մարդկային գործոնն է: Ովքեր են այդ մարդիկ, ինչպիսի արժեհամակարգ կրող են, ինչպիսի բարոյական կերպար ունեն, որ կարողանան այդ արդարատությունն իրականացնել: Այս երեք օղակներից ցանկացածում ձախողումը չի տալու այն արդյունքը, ինչին սպասում ենք»:

Թովմասյանի խոսքով, երկրում ստեղծված է բարենպաստ քաղաքական մթնոլորտ այս խնդրի լուծման համար եւ այս երեքում անելիքներ կան. «Իրավաբանական կրթությունն ինձ համար ամենախնդրահարույց հարցերից մեկն է: Մենք շատ շուտով ունենք որակյալ իրավաբանների անհրաժեշտություն թե դատական իշխանությունում, թե ողջ պետական համակարգում, թե ընդհանրապես երկրում: Եթե մենք այս հարցը մոտ ժամանակներս արմատականորեն չլուծենք, մյուս փուլերում այս խնդիրը չենք ունենալու:

Օրենսդրական մակարդակում կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են: Մարդկային գործոնը եւս բարդ է լուծել. Մի անգամ կատակով ասացի՝ Հայաստանին ռենտգեն ապարատի պես սարք է պետք, որը կարող է ցույց տալ՝ դու կարող ես դատավոր աշխատել, թե ոչ:

Միջազգային պրակտիկան էլ եկել է նրան, որ որեւէ հարցազրույց, թեստերի լուծում չի կարող պատասխանել այդ գլխավոր հարցին՝ դու քո էությամբ արդարամիտ ես, դատավոր ես, թե ոչ»,-ընդգծեց նա: