Այս պահին մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկած օրենսդրական լրացումների կարիքը չունենք։ Այս մասին ապրիլի 5-ին Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Այս հայտարարությունը հունից հանել է հիմնական զեկուցողին՝ լրացումների հեղինակ, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ Նա, մասնավորապես, ասել է, որ գործող իշխանությունը՝ հանձին «Իմ քայլը» դաշինքի, արդեն առաջին անգամ չէ, որ արգելակում է իրենց քաղաքական ուժի ներկայացրած օրինագծերը՝ հավելելով, որ այս կոնկրետ օրինագիծը չի հետապնդում ոչ մի քաղաքական նպատակ։ «Անձամբ ինձ հետ դեպք է եղել, երբ ցանկացել եմ այցելել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկը, եւ ինձ այնտեղ չէին թողնում մտնել՝ ասելով, որ դրա համար պետք է կապվել արդարադատության նախարարի հետ։ Բայց պատգամավորն իրավունք ունի առանց որեւէ զանգի մտնել ցանկացած հաստատություն, հատկապես պետական մակարդակի։ Եվ իմ օրինագիծն ուղղված է միայն այս իրավունքի ամրապնդմանը»,- ընդգծել է Պետրոսյանը։ Պատգամավորին հատկապես զայրացրեց Գրիգորյանի պնդումը, թե այդ օրինագիծը հետապնդում է ինչ-որ քաղաքական նպատակ։ «Իսկ այ հիմա ես անում եմ քաղաքական հայտարարություն։ Ես ակնհայտ միտում եմ տեսնում՝ ուղղված մեր օրինագծերի արգելափակմանը։ Դուք չեք ուսումնասիրել այլ երկրների փորձը, իսկ հիմա մեզ հարցնում եք՝ ո՞ր երկրների փորձի վրա եք հենվել, երբ կազմել եք այդ օրինագիծը։ Մենք առաջնորդվել ենք անգլոսաքսոնական երկրների փորձով»,- ասել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը։ Նա, մասնավորապես, պարզաբանել է, որ պատգամավորների աշխատանքի համար, ըստ օրենսդրության, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, բայց հիմա նախատեսված չէ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս իրավունքի խախտման համար պատասխանատվության կանչել։

Գեւորգ Պետրոսյանն առաջարկում էր տուգանել տեղական իշխանությունների ներկայացուցիչներին պատգամավորների՝ բնակչության հետ հանդիպումների համար տարածք տրամադրելու դիմումներն անտեսելու համար։ Չնայած նրա բավական հուզական ելույթին եւ փաստարկների ներկայացմանը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները բացասական եզրակացություն տվեցին օրինագծին։ 6 խորհրդարանական «դեմ» քվեարկեց, «կողմ» քվեարկեց 4 պատգամավոր, 3-ը ձեռնպահ մնաց։