Ապրիլի 5-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին:
Բարձր գնահատելով Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձեւավորման, կայացման գործում ունեցած ավանդին եւ մեծ դերակատարությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեծ ուրախություն է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը: Կամչակտայում շուրջ 2500 հայ է ապրում, եւ չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, որպես կայացած համայնք կազմակերպվել ու գործել են չորս տարի առաջ: Հենց Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցությամբ եւ հովանավորությամբ են գործում համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը եւ պարային համույթը: Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերն առնվազն մայրենի լեզվին պետք է տիրապետեն: Այսօր 25 աշակերտ ունեցող կիրակնօրյա դպրոցում 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Իրենց արմատներին կառչած մնալու շնորհիվ է նաեւ, որ Կամչատկայում առկա մյուս, ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին՝ հայերն ամենահզոր համայնքն ունեն:
Հյուրն անդարադարձավ նախարարության հետ արդյունավետ համագործակցությանը եւ հույս հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի սերտ աշխատել Կամչատկայի համայնքի հետ, հանդես գալ համատեղ նոր նախաձեռնություններով:
Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում եւ ունենալով համակարգման եւ վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ ազդակներ ստանալով հայ համայնքներից: Նախարարի պաշտոնակատարը հավելեց՝ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգած է:
Հանդիպման ավարտին Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, ազգային, հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Բաբկեն Տեր Գրիգորյանը Արթուր Խաչատրյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
«Այս մեդալը միայն իմը չէ, այն նախեւառաջ Կամչատկայի հայ համայնքինն է: Մեծ պատիվ է հայրենի պետության կողմից նման գնահատանքի արժանանալը: Սա մեզ համար նոր խթան է առավել համախմբելու մեր ջանքերն ու նոր ոգով առաջ գնալու համար: Մեր կողքին ապրող մյուս ազգերի համայնքները իրենց պետությունների կողմից դեռեւս նման վերաբերմունքի չեն արժանացել»,-նշեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավարը:





























